Երբ մենակ ես ճամփորդում նոր ընկերներ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է։ Նույնիսկ երբ այդ ընկերոջ հետ մի քանի ժամ ես անցկացնելու։ Այս անգամ ինքնաթիռն ինձ տարավ դեպի Խորվաթիա։
Դե ինչպես ամեն երկիր գնալիս, գոնե մեկ տուր որոշեցի վերցնել։ Մեր մեքենան այս օրը գնում էր Plitvice ազգային պարկ։ Ցնդելու սիրուն ու հեքիաթի պես չմոռացվող մի տեղ։
Կանգնած սպասում էի մեզ դիմավորող մեքենային ու գիդին, ու միամիտ տեսա այս հրաշք աղջկան։
Մեզ հետ կար նաև մենակ ճամփորդող մի ճապոնացի տղա, ով էլի շատ հետաքրքիրն էր, բայց ցավոք շատ չշփվեցինք։
Քավինգ էր աղջկա անունը։ Նստել էինք այս հեքիաթային լճերի կողքի սրճարանում․ սուրճն էր միակ մեզ տաքացնողը ու մի քիչ էլ արևը։ Հանեցի Հայաստանից տարածս ծիրանի չիրը ու սկսեցինք լիքը խոսել։ Շատ բանի մասին կարելի է զրուցել, երբ ունես ծիրանի չիր և սուրճ։
Պարզվեց իր առաջին մենակ ճամփորդությունն է դեպի Եվրոպա ու առհասարակ որևէ տեղ Հոնկոնգից դուրս։
Սկզբից մտածեցի դե նորմալ է, ես ինքս էլ եմ մենակ։ Բայց խոսքի մեջ, երբ ասեց, որ 18 տարեկան է, ավելի սկսեցի հետաքրքրվել, թե ոնց, ուր, ինչի համար։
Ու սկսեց․
-Ո՞նց որոշեցիր մենակ ճամփորդել։
-Ես շուտով դառնալու եմ 18 տարեկան, ու դեպի մեծ կյանք մուտքս ուզում էի մենակ ճամփորդելով սկսել։ Ոչինչ ինձ այդքան ինքուրույն չէր կարող դարձնել։ Ընտրել եմ բժշկի մասնագիտությունը․ եթե անկեղծ, իմ երազանքի մասնագիտոթյունը չէ, բայց գիտեմ, որ ապագա կա այստեղ։ Մտածում եմ այս ճամփորդությունից հետո միգուցե ավելի շատ հասկանամ, թե ինչ եմ ուզում։ Կամ միգուցե համարձակությունս ների չանեմ մի բան, որը չեմ սիրում։ Տեսնեմ՝ ինչպես կստացվի։
-Տանը գիտե՞ն, որ մենակ ես։ Ինչպե՞ս ես օնլայն վճարումները կատարել։
-Տանը գիտեն ընկերներիս հետ եմ ճամփորդում։ Չեմ ուզում անհանգստանան։ Մինչև հիմա ամեն բան հրաշալի է անցնում, չնայած ճանապարհին առաջացած լիքը խնդիրների։ Այդ ամենն է ինձ փոխելու։ Եղբորս քարտն եմ օգտագործել։ Լավ հարաբերությունների մեջ եմ իր հետ։ Հուսամ այս ճամփորդությունիցս հետո բան չի փոխվի))
-Տարբերվում է չէ՞ ճամփորդությունը ընտանիքի, ընկերների հետ ու մենակ։
-Հաաաա, շաատ։ Երբ մենակ ես ինքդ ես որոշում ուր գնալ, ինչ անել, ինչքան մնալ։ Երբ ուրիշների հետ ես, ստիպված ես հարմարվել։ Բայց ամեն տեսակն իր տեղն ունի։ Ծնողների հետ ճամփորդելիս մի քիչ կարծես պարտքս ոնց որ կատարեմ։ Իրենք մեզ այսքան բան են տվել, ուզում եմ իրենք էլ տեսնեն աշխարհը։ Ծնողներս հարուստ չեն։ Տարվա մեջ գոնե մեկ անգամ իրենց հետ եմ մի տեղ գնում։ Ահավոր պատասխանատվություն եմ զգում։ Ամենը ես եմ անում, քանի որ մեր սերնդի նման ինտերնետից օգտվել չգիտեն։ Իսկ ես դառնում եմ տուր մենեջեր։
-Կիսվո՞ւմ ես էմոցիաներով, տեսածներովդ ընկերներիդ հետ։
-Շատ քիչ եմ կիսվում, որովհետև մի քանի անգամ ոգևորված պատմում էի ու դա իրենց առանձնապես չհետաքրքրեց ու ես հասկացա, որ մինչև ինքդ չլինես տվյալ տեղում ու իրավիճակի մեջ, չես հասկանա, թե որքան կարևոր է այն քեզ համար։
-Ուրիշ ես չէ՞ դառնում մենակ ճամփորդելուց կամ առհասարակ ճամփորդելուց հետո։
-Շատ․․․ես արդեն զգում եմ։ Գիտես, ես երջանիկ եմ, երբ ճամփորդում եմ։ Նկատել եմ անդադար ժպտում եմ բոլորին։ Բարի եմ։ Ու դրանից մարդիկ ավելի ընկերական են ու բարի իմ նկատմամբ։ Ես իմ քաղաքի մարդկանց չեմ սիրում։ Երբեք առնաձնապես ոգևորված չեմ քայլում։ Ու եթե անկեղծ ինձ առանձնապես հաջողակ մարդ չեմ համարում։ Ինչ սկսել է ճամփորդությունս բախտս անդադար բերում է։ Հասկացա, որ իմ վերաբերմունքից է։ Գնալու եմ հետ ու սա կիրառեմ նաև իմ քաղաքում ու տանը։ Գիտեմ, որ կաշխատի։
-Ծնողնե՞րդ են օգնել, որ գումար հավաքես ճամփորդելու համար։
-Չէէէ, ես արդեն 18 եմ։ Կամաչեմ գումար խնդրել իրենցից։ Այս տարի ինձ շատ բաներից եմ զրկել։ Սովորելուն զուգահեռ երեխեքի հետ տնայիններն եմ անում, որ կողքից գումար աշխատեմ։ Հիմա երբ արդեն ճանապարհներին եմ այնքան եմ ոգևորվել, որ գնալու եմ հետ ու ավելի շատ աշխատեմ ու մյուս տոմսիս համար գումար հավաքեմ։
-Հետո տարիներ հետո, երբ արդեն բավականաչափ գումար աշխատես ուր ուզես գնաս, որտեղ ուզես մնաս, մեկա այս օրերն ես հիշելու։ Անհարմարությունները և այլն․․․
-Հա, դրա համար ուզում եմ ճամփորդեմ քանի դեռ շատ բան ինձ չեմ կարողանում թույլ տալ։ Ամբողջ կյանքում այս օրերն եմ հիշելու, թե ոնց եմ ամեն կոպեկս հաշվել, հոսթելում նույն սենյակում լիքը մարդկանց հետ ապրել։ Գիտես, սենց իրավիճակներում էնքան նոր մարդկանց ես հանդիպում։ Սենյակումս մի աղջիկ կար, ինչ եկել էր այդ քաղաք դուրս չէր գալիս հոսթելից։ Վախենում էր։ Չէի հասկանում էլ ինչի է եկել հասել, որ չի դուրս գալու։ Փորձում էի բացատրել, որ ոչ մի վախենալու բան չկա։ Բայց չէի կարողանում։ Շատ հետարքիր է մարդկանց ապրումներին հանդիպել այլ քաղաքներում։
Տուրն ավարտվեց, արդեն վերադարձանք Զագրեբ։ Իլիցա փողոցի վրա կանգնեցինք, գրկեցի իրեն ու բարի ճաանապարհ մաղթեցի, որովետև գիշերը ավտոբուսով մեկնելու էր ուրիշ քաղաք։
Վստահ եմ դեռ իրեն հանդիպելու եմ։ Մեկ էլ տեսար միասին մի տեղ ճամփորդենք։ Մեկ-մեկ այսպիսի մարդկանց հետ ճամփորդելն իսկական հաճույք է։ Ովքեր պատրաստ են ամենաանհարմար տեղերը կիսել, մենակ թե զգան տվյալ երկիրն իր ամբողջ թոքասրտային համակարգով։
Ճամփորդեք, քանի դեռ շատ բան չեք կարող թույլ տալ ձեզ։ Երբեք չեք մոռանա այդ օրերը։
Սիրով՝ Սիրա