Կորոնավիրուսն ու ճամփորդությունը

Արդեն քանի շաբաթ ամբողջ լրահոսը ողողված է կորոնավիրուսի մասին տարբեր լուրերով։  Այն հատկապես վատ է անդրադարձել տուրիզմի և ճամփորդների վրա։ Որքան պլաններ են փոխվել վերջին օրերին ամբողջ աշխարհում։ Բոլորը խորհուրդ են տալիս տանից դուրս չգալ, չճամփորդել։ Եթե չունեք այլ ընտրություն և ստիպված եք մեկնել երկրից ապա խնդրեմ կարդացեք մի քանի կետեր, թե ինչպես մնալ առողջ ճանապարհներին։

Սրանք այն ամենն է, ինչը ինքս եմ կիրառում, կարդացել, ուսումնասիրել։

Այս հոդվածը գրում եմ այն ժամանակ, երբ ինքս հիմա ճամփորդում եմ։

Մի կարևոր հանգամանք փաստեմ․ խուճապը մեդիայում ավելի շատ է, քան իրական կյանքում։ Դա նորմալ է, հասկանալի, չէ որ հենց այդ ամենի համար են մեծ մասը վարձատրվում։  Օդանավակայաններում մարդիկ ավելի հանգիստ են։ Մի մասը փորձում է պահել հիգիենայի տարրական կանոնները,  մյուսները կարծես տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում․ այ այդպես հանգիստ են))

Չենք մատնվում խուճապի, բայց զինվում ենք

  1. Նախ շատ կարևոր մի բան․ եթե հիվանդ եք, ապա աշխատեք չճամփորդել, որովհետև երբեք չգիտեք որտեղ ու ինչ կպատահի ու եթե պատահեց, տվյալ երկրի բժշկական համակարգը որքանով է պատրաստ ձեզ անվտանգ սպասարկելու։
  2. Մանավանդ հիմա ՇԱՏ կարևոր է ունենալ բժշկական ապահովագրություն, որ եթե դրսում մի բան պատահի, ստիպված չլինեք լիքը գումար ծախսել, փոխարենը ապահովագրական ընկերությունը կհոգա բոլոր ծախսերը։
  3. Իրերը դասավորելիս պարտադիր դրեք անտիսեպտիկ հեղուկ (մինիմում 60% ալկոհոլի պարունակությամբ), ռեզինից ձեռնոցներ, դիմակ։ Դիմակը երկու ժամը մեկ պետք է փոխել։
  4. Աշխատեք ձեռքերը հաճախ լվանալ։ ՊԱՐՏԱԴԻՐ լվացվեք շատ հաճախ։ Երբ գնում եք զուգարան, առաջ և հետո լվացվեք, լվացվելուց հետո այդ նույն ձեռքերով մի բացեք դուռն ու դուրս եկեք, դրա համար պահեք ձեռնոցներ։ Աշխատեք չկպնել դեմքին ձեռքերով։ Մոռացեք ձեր դեմքի մասին ճամփորդելիս։
  5. Եթե օդանավակայանում կամ որևէ տեղ սուրճ, թեյ կամ մեկ այլ բան եք խմում, մաքրեք բաժակի բռնակը կամ էլի անտիսեպտիկ օգտագործեք։
  6. Ինքնաթիռն ինքնին բավականին կեղտոտ տարածք է, իսկ այս օրերին մասնավորապես։ Մի հագեք կարճաթև հագուստ, որպեսզի մաքսիմում քիչ բաների մարմնով կպնեք։ Ինքնաթիռում սեղանը բացելիս թաց ախտահանող անձեռոցիկով մաքրեք ամբողջ մակերեսը, հետո անտիսեպտիկով ձեռքերը և հետո միայն սկսեք ուտել։
  7. Ինքնաթիռի պետքարանից օգտվելուց առաջ հիշեք՝ այստեղ ԱՄԵՆ ԻՆՉ կեղտոտ է։ Եթե կարող եք մի օգտվեք զուգարանից թռիչքի ժամանակ։ Դուռը ևս մերկ ձեռքերով չենք բացում ու փակում։
  8. Չենք օգտվում օդանավի ծածկոցներից, փոխարենը ունեցեք ձեզ հետ հաստ շարֆ։
  9. Լավ կլինի ամբողջ ընթացքում լինեք ռեզինե ձեռնոցներով։
  10. Թղթադրամը, կոպեկները ամենակողտոտ բաներից են։ Կպնում ենք մենակ ձեռնոցներով։
  11. Հեռախոսի էկրանը ևս հաճախ ախտահանեք մինչև կկպցնեք դեմքին։ Եթե տանն եք, ապա ամեն օր ախտահանեք, մանավանդ եթե դուրս ու ներս եք անում տանից։
  12. Շատ հերթեր եք ստիպված լինելու կանգնել․ աշխատեք հեռու մնալ․ Օրինակ եթե boarding-ի ժամն է, սպասեք բոլորը անցնեն ներս նոր միայն դուք մոտեցեք, կամ էլ հակառակը առաջիններից մեկը եղեք, որպեսզի մարդկանց կողքին երկար չկանգնեք այդ խտության մեջ։
  13. Երբ արդեն տուն եք վերադառնում ճամփորդությունից ճամպրուկները հենց էնպես մի պահեստավորեք․ ախտահանում ենք մի լավ նոր։ Հագուստն ամբողջությամբ լցնում ենք լվացքի մեքենան, նույնիսկ նրանք որոնք չենք հագել։
  14. Տղա ճամփորդ ընկերներիցս մեկը գրել էր․ «Տղամարդիկ սափրեք ձեր մորուքը այս օրերին»։ Երևի մի բան գիտի, որ ասումա։ Ուղղակի կրկնում եմ սա))
  15. Աշխատեք միշտ բարձր պահել իմունիտետը։ Ճանապարհներին ջրի մեջ լիմոն քամեք խմեք, դիետա մի պահեք շատ խիստ։ էլի ճամփորդ ընկերներիցս եմ լսել, որ երբեմն պետք է կծու բաներ ուտել սպանելու համար բոլոր փիս բաները. Շատ ջուր խմեք, շատ!!
  16. Քնի պակաս աշխատեք չունենալ, քանի որ դա էլ է թուլացնում իմունիտետը։
Ալկոգելն ամենահարմար միջոցներից է

Եվ այսպես՝

Մի մատնվեք խուճապի, այլ պարզապես եղեք զինված գիտելիքով։ Եթե հետաքրքիր է` կարող եք այս էջում հետևել ամենօրյա թարմացումներին ամբողջ աշխարհից։

Մի մտածեք միայն ՁԵՐ առողջության մասին։ Այս ամենը պետք է մեզ սովորացնի լինել պատասխանատու մյուսների նկատմամբ։

Եթե նոր եք վերադարձել ճամփորդությունից որոշ ժամանակ մի շփվեք այլ մարդկանց հետ։ Ինքնամեկուսացվեք։ Դիմեք բժշկի գանգատների դեպքում։

Մի մտածեք․ «Ինձ ոչ մի բան չի կպնի»։ Մենք ուրիշ ժամանակներում ենք ապրում հիմա։

Եթե այնուամենայնիվ որոշում եք ճամփորդել, ապա պատրաստ եղեք անկանխատեսելի փոփոխությունների՝ չվերթների չեղարկում, որևէ երկրի կողմից վերջին պահին մուտքի արգելք և այլն։

Տանը մնացեք հաճախ։  Գտեք հաճելի զբաղմունք։ Հլը հիշեք, թե որքան եք ցանկացել ազատ ժամանակ ունենալ։ Համամարդկային արձակուրդ է հայտարաարված։ Անկուշտի նման օգտվեք դրանից։

Ու հիշեք, որ այս ամենն անցնելու է մի օր, իսկ մենք դառնանք ավելի պատասխանատու իրար նկատմամաբ։

Առողջ եղեք․

Սիրով՝ Սիրա

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով