Ճամփորդությունը մարզանք է, իսկ Երևանը՝ տուֆագույն

Իմ ամենասիրուն տուրերից մեկն  էր այս տարվա։ Մեծ պատիվ էր աշխատել Ռիչարդ Բանգսի և Լուրա Հաբբերի ընտանիքի հետ, որոնց Հայաստանում հյուրընկալ էր ESI DMC Armenia տուրիստական ընկերությունը։

Գնացինք սահման դիմավորելու մեր հյուրերին։ Գիտեինք, որ կարևոր մարդիկ են։ Հենց տեսա հեռվից մոտեցող ժպիտները հասկացա՝ մենք ընտիր ժամանակ ենք անցկացնելու միասին։ Երևի ամբողջ աշխարհի մեծ մասն արդեն 2-րդ կամ 3-րդ անգամ շրջող այս զույգը ամենահամեստ մարդկանցից էր ինձ հանդիպած ու հետաքրքիր։ Մի խոսքով, Լաուրային խնդրեցի զրուցել ինձ հետ բլոգիս համար։ Ամուսնու` Ռիչարդ Բանգսի, հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Միանգամից համաձայնեց։ Ես էլ այնքան շատ էի ոգևորվել, որ չէի պատկերացնում, թե մեր խիտ գրաֆիկի մեջ երբ եմ հասցնելու այդ ամենն անել։

Ասեց․ «Բա չե՞նք զրուցում»

Ասեցի․ «Հարմար պահ եմ սպասում, որ մի փոքր ազատ լինենք»։

Ինքը․ «Ես շատ եմ հարցազրույցներ վերցրել մեքենայի մեջ, շատ ժամանակ ես խնայում ու հանգիստ զրուցում։ Վարորդին ասա թող կանգնի, արի մեր կողքը նստի էստեղ, խոսենք»։

Ով էի ես, որ մերժեի BBC-ի լրագրողին)))

Լաուրայի մասին համառոտ՝

Հարվարդում վերապատրաստված մեդիա փորձագետ։ BBC World service-ի երկարաժամկետ պրոդյուսեր և լրագրող։ Ռեպորտաժներ է արել ամբողջ աշխարհից ներառյալ՝ Աֆղանստան, Կուբա, Եգիպտոս, Իսրայել, Մակեդոնիա, Մյանմար, Քուրդիստան, Թուրքիա և Ռուանդա։

Աշխատել է որպես Peter Greenberg-ի (աշխարհի ամենահայտնի travel expert-ներից) գլխավոր խմբագիր։ Հեղինակել է մի շարք մրցանակակիր շոուներ, դասավանդել Սարաջեվոյի համալսարանում։

Նրա ֆոտոները հայտնվել են The New York Times, Outside Magazine, National Geographic, MSNBC, Yahoo և շատ այլ տեղերում։

Սա անչափ համառոտ տեղեկություն իր մասին, մնացածը կարող եք գուգլում կարդալ։ Դե ինչ, անցնենք զրույցին։

-Լաուրա, խոսենք Հայաստանի մասին որպես տուր պռոդուկտ: Ո՞րքանով է այն գրավիչ զբոսաշրջիկի համար, հատկապես ամերիկացի զբոսաշրջիկի։

,-Շատ կուզենայի մի փոքր ավելի երկար մնալ, որպեսզի շատ ավելին կարողանայի ասել։ Սա շատ հեշտ տեղ է ճամփորդելու համար, հյուրընկալ ու շատ համեղ խոհանոցով։ Հիմնականում չեմ սիրում շատ ուսումնասիրել ճամփորդելու ց առաջ։ Մինչ այցս ֆոտոալբոմներ եմ տեսել Հայաստանի մասին, ու ունեմ հայ ընկերներ Լոս Անջելեսում, և իհարկե, ես գիտեի Արարատ լեռան մասին։

-Երևանից տպավորվա՞ծ եք։

-Օ, երևանը շատ յուրահատուկ քաղաք է։ Շատ սիրեցի տուֆը։ Գույնը շատ յուրահատուկ է և տարբերվում է շրջապատող երկրների քաղաքներից ու շատ ավելի մեծ է, քան պատկերացնում էի։

-Եվրոպա հիշեցրե՞ց Ձեզ մի քիչ։

-Կարծում եմ այն շատ տարբեր է։ Ոչ մի կապ չկա Ավստոր-Հունգարական կամ այլ ոճի հետ:

Երեկոյան քայլում ես դրսում, տեսնում շատ ընտանիքներ, որոնք երջանիկ են։ Շատ գրկաբաց քաղաք է Երևանը։

-Կա՞ն բաներ, որոնք տարբեր են այլ երկրներից որտեղ եղել եք կամ չէիք սպասում տեսնել այստեղ։

-Առաջին մեծ անակնկալը մառախուղն էր, երբ մտանք Հայաստան։ Չսպասված էր հուլիսի համար։ Շատ խիտ անտառներ և բնություն կա էստեղ, որը ես չէի սպասում։ Եկեղեցիների և վանքերի տեղադրությունն է շատ զարմանալի ու հետաքրքիր։ Նույնիսկ Կասկադը որքան գեղեցիկ էր իր սրճարանային մշակույթով։ Ես պատրաստ չէի այսքան յուրահատուկ մի բան տեսնելու։

-Խոսենք մի փոքր խոհանոցից։ Եթե Ձեզ հարցնեին ինչպիսին է հայկական խոհանոցը, այստեղ փորձածներից ի՞նչը միանգամից կմտաբերեիք։

-Մեկ վայրկյան մտածեմ: Երևի երեկվա խմորեղենը։ Այն այնքան մեծ էր և որքան գեղեցիկ էր ներկայացված (ընթրում էինք երևանի «Լավաշ» ռեստորանում)  ու նաև գառը շատ համեղ էր «Լավաշ» ռեստորանում։

         

-Ռեստորանի անունը մտապահել եք․ շատ լավ նշան է։ Ինչ կասեք հայկական գինու մասին։

-Զորա Ոսկին (Zora Voski) և Տրինիտին (Trinity) իմ ֆավորիտներն են։

-Ի՞նչ գույն է Հայաստանը։

-Տուֆագույն։

-Մշակույթի և երաժշտության մասին։

-Շատ եմ սիրում դուդուկի ձայնը։ ԱՄՆ-ում շատ անսամբլներում են օգտագործում այն, ոչ միշտ հայկական երաժշտության մեջ, բայց բոլորը գիտեն, որ այն հայկական ծագում ունի։

-Այսպիսով Հայաստանը տուֆագույն է, դուդուկի ձայնով։ Իսկ կի՞ն է, թե՞ տղամարդ։

-Ինձ համար Հայաստանի ձայնը մի փոքր այլ է։ Մի քիչ ավելի ուրախ։ Կի՞ն, թե տղամա՞րդ․ երկուսն էլ կարող է լինել։ Չունեմ մեկ ասոցացիա։

-Շնորհակալ եմ Լաուրա։ Ինչո՞ւ եք ճամփորդում։

-Կարծում եմ այն նման է մարզվելուն։ Երբ արթնանում եք առավոտյան ու չեք շարժվում կարծես մի տեղում գամված լինեք միշտ։ Ճամփորդելն էլ շարժում է։ Այն դարձնում է քեզ ավելի բաց, ավելի հանդուրժող։ Այն մարզանք է, որ քո սիրտն ու ուղեղը պետք է ստանան։

-Երեք բան, որ փոխվել է Ձեր մեջ ինչ սկսել եք ճամփորդել ։

-Ավելի երջանիկ ես դառնում, ավելի համբերատար և հետաքրքրասեր։ Շատ կարևոր է այս ամենը կարողանաս պահել, երբ արդեն վերադառնում ես տուն, քո առօրյա գործերին ու հոգսերին։ Ես հավատում եմ, որ ամեն անգամ ճամփորդելով հարստանում ես։

-Երեք բան, որ միշտ Ձեզ հետ է ճամփորդելիս։

-Միշտ աշխատում եմ ինձ հետ ունենալ լողազգեստ, երբեք չես իմանա ինչ կլինի)) Եթե նույնիսկ ամառն եմ ճամփորդում միշտ ունեմ տաք ժակետ, էլի երբեք չես իմանա)) ու իհարկե միշտ ինձ հետ է զարթուցիչս։

-Հեռախոսը չի՞ կատարում զարթուցիչի ֆունկցիան։

-Ես այն միշտ անջատում եմ։ Լավ չէ, երբ հեռախոսդ միշտ տարածքում է։

-Կա մի բան, որ միշտ անում եք, երբ հյուրանոցի սենյակ եք մտնում առաջին անգամ։ Ես օրինակ համարյա միշտ վարագույրն եմ բացում ու պատուհանը։

-Կարծում եմ ես էլ եմ միշտ անում նույնը, արևի լույսը ներս թողնելու ու մարմինը նոր ֆունկցիայի վրա դնելու համար։ Նաև միշտ միանգամից նկարում եմ սենյակը, որովհետև գիտեմ, որ մի քանի րոպեից այն քանդելու եմ)) 5 րոպե է ինձ անհրաժեշտ այն քանդելու համար։

-Կա՞ն այնպիսիս խորհուրդներ, որ կառաջարկեք ճամփորդներին, մանավանդ սկսնակներին։

-1)Առաջինը jet leg-ի հետ է կապված։ Jet leg (բիոռիթմի խանգարում, որն առաջանում է թռիչքի ժամանակ ժամային գոտի փոխելու հետևանքով): Աշխատեք նոր երկիր ժամանելուց հետո արթուն մնալ գոնե մինչև երեկոյան ժամը 10-ը։ Մինչ այդ չքնեք ընդհանրապես։ Դա կօգնի արագ հաղթահարել  jet leg-ը։ 2)Ինչքան կարող եք շատ խոսեք տեղացիների հետ։ 3) Կորեք․․․

-Քանի որ ինքս երեխաներ չունեմ ու ընթերցողներիս չեմ կարող շատ խորհուրդներ տալ, ապա կխնդրեմ Ձեր փորձով կիսվեք երեխաների հետ ճամփորդելու մասին։ Ի՞նչ խորհուրդներ կտաք։

-Շատ խորհուրդներ կան, կախված է նաև, թե քանի տարեկան է երեխան։ Իմ դեպքում հեշտ է` իմ տղան արդեն 11 տարեկան է։ Բայց երբ փոքր են, շատ դժվար է։ Առաջինը, եթե դուք ունեք փոքր երեխա, աշխատեք գիշերը թռնել, երբ նրանք քնած կլինեն։ Այդպես ստիված չեք լինի մտածել  այլ մարդկանց անհանգստացնելու մասին։ Երկրորդը․ ինքս էլեկտրոնիկա չեմ սիրում։ Կարող եք գրքեր կամ տարբեր խաղեր վերցնել ձեզ հետ․ օրինակ խաղաթղթեր և խաղալ ճանապարհին։ Երբ մենք մեքենայի մեջ ենք ես միշատ աուդիո գրքեր եմ միացնում։ Էդպես երեխան համ պատուհանից դուրս է նայում, համ էլ հետաքրքիր պատմություններ լսում։ Եթե պետք է մեքենայի մեջ ճամփորդելիս երեխայի աչքերը գամված լինեն սարքերին, էլ ո՞րն է ճամփորդելու իմաստը։ Այդ սարքերը ծնողների համար է լավ, որ երեխան չխանգարի իրենց, միայն այդքանը։

-Առաջին բանը, որ կերել եք այլ երկրում և մինչև հիմա հիշում եք։

-Օհ,դա Իտալիայում էր, երբ առաջին անգամ էի այնտեղ ճամփորդում և համտեսեցի ռուկոլա։ Եվ Աստված իմ, դա հեղափոխական փորձառություն էր։ Համը, որը ես զգացի, երբեք նախկինում չէի զգացել ու, այո, ասացի․ «Աստված է սա ստեղծել»։

-Ձեր ամենասիրելի քաղաքն աշխարհում։

-Կարծում եմ ամենագեղեցիկ քաղաքն աշխարհում Ստամբուլն է, իսկ իմ ամենասիրելին՝ Լոնդոնը, այն հրաշք քաղաք է։

-Ի՞նչ եք փնտրում ճամփորդելիս։ Ոմանք ճամփորդում են ուտելիքի, տեղացիների, իսկ մյուսները ուղղակի հայտնի վայրեր տեսնելու համար։ Ո՞րն է Ձեր «թիրախը»։

-Իմ դեպքում այդ ամենի ամբողջությունն է․․․

-Քանի՞ երկրում եք եղել։

-Գաղափար անգամ չունեմ, երբեք չեմ հաշվել։

-Աշխարհի ո՞ր տեսարժան վայրում եք ապրել Ձեր «Wow” պահը։

-Երևի Հերմիտաժում։ Հրաշալի էր․․․էլի կվերադառնայի։

-Ի՞նչ որակներ պետք է ունենա Ձեր վարորդը, երբ ճամփորդում եք։

-Մեզ ողջ պահի)))

-Անչափ շնորհակալ եմ զրուցելու համար, Լաուարա։

-Ես էլ եմ շնորհակալ։ Կարո՞ղ եմ մի հարց էլ ես տալ։

-Իհարկե․․․

-Ինչու ես ճամփորդում։ Ինչո՞ւ ես կախվածության մեջ ճամփորդությունից։

-Առաջինը ինքս ինձ եմ ավելի լավ ճանաչում․ թե լավ և թե վատ կողմից։ Բայց ամենակարևորը ես ճամփորդում եմ մարդկանց համար։ Սիրում եմ նրանց լսել, իրենց պատմությունները։ Սիրում եմ լսել մարդկանց։ Ինձ համար աշխարհը նման է մեծ գրադարանի, իսկ մարդիկ գրքեր են։ Ես միշտ լավ գիրք եմ փնտրում․․․ )

-Շնորհակալ եմ, Սիրա

-Ես էլ եմ շնորհակալ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով