«Հայաստանում շատ լույս կա». Ճամփորդների կարծիքները Հայաստանի մասին.

Եթե կարդում եք սա, հետևում բլոգիս, ապա նկատած կլինեք, որ ես ավելի շատ եմ շեշտը դնում Հայաստանի մասին հյուրերի արտահայտած կարծիքների վրա։ Անցած նյութս նվիրված էր մեր ուտելիքին. կարող եք կարդալ այստեղ: Ես իհարկե ունեմ իմ սեփական կարծիքը․ երբեմն շատ զգացմունքային ու հուզառատ, հաճախ միգուցե պաթոսախեղդ, բայց երբ պետք է Հայաստանի մասին խոսեմ դրսում ու դրսի համար, երկու անգամ ավել եմ մտածում։ Արդեն մեկ տարուց ավել է երևի ինքս հավաքում եմ նյութեր, ֆիլտրում, ջնջում, ավելացնում, որ ստանանք դրսի մարդկանց ուղեղում ստեղծված պատկերը Հայաստանի մասին։ Այսօր բլոգիս հյուրերը լիքը տուրիզմի ոլորտի աշխատակիցներ են, ովքեր այս կամ այն կերպ առընչվում են զբոսաշրջիկների հետ։ Հարմար
տեղավորվեք՝գնանք տեսնենք, թե ինչ են խոսում մեր մասին։

Հայաստանը դրսից

Սկսենք ԱՄՆ-ից, մեզ հետ կիսվում է Գայանե Ալեքսանյանը։

«Հայաստանը տուրիստական երկիր չէ, այն գաղափար է։ Այն խմբով գալու երկիր չէ»։ Հաջորդ այցին եկավ մենակ երկու շաբաթով։ «Մենք կվերադառնանք»։ Ասաց ու գնաց։

«Եթե չեք տեսել Հայաստանը, ուրեմն չեք ճանաչում աշխարհը»։
Հռիփսիմե Ներսիսյան

Անդրանիկ Բաղդասարյան․ Ռուս 60-ամյա զբոսաշրջիկը Հայաստանից մեծ քանակով գինի գնեց։ Այն հարցիին, թե ինչու տեղ չի թողնում, որպեսզի Վրաստանից էլ գինի գնի, պատասխանեց․
«Վրացական գինին գինովնալու համար է, իսկ ձերը աշխարհին այլ աչքերով նայելու»։

Ճաշից հետո հյուրերը համտեսում են թարմ թխած գաթա.Նկարը` Զառա Կարապետյան

Գնացինք Կորեա, որ հետ գանք Հայաստան։ Պատմում է Շուշան Խաթայանը։
Քանի որ Հայաստան է գալիս կորեացիների քրիստոնեա հատվածը, միշտ ասում են․ «Օրհնված երկիր ենք եկել։ Եթե այստեղ աղոթենք, ապա մեր աղոթքները շուտ տեղ կհասնեն»։

Դիանա Մնացականյան․ Մի անգամ հյուրերիցս մեկն ասեց․ «Ամեն երկիր գնալուց գիտեմ՝ ինչ սպասեմ, բայց Հայաստանի դեպքում մինչև չգաս, չես կարող հասկանալ, որովհետև էստեղ ամեն ինչ մի տեսակ ինտերնետային չէ, այլ ավելի իրական է»։

Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպես կարտահայտվեիք դուք, եթե ձեզ ցույց տային Սևանը և ասեին, որ այն լիճ է։
Հիմնականում հյուրերը զարմանում են Սևանի մեծության վրա։ Այն հանգիստ կարող էր ծով լինել իրենց համար։ Մեր ամերիկացի հյուրը ըստ իմ գործընկեր Վարդան Մովսիսյանի բացականչել է․ «What a fucking big lake”.

Ծաղիկ Տերտերյան, ռուս զբոսաշրջիկ․ «Ձեր հարստությունը ձեր ժողովուրդն է»։

Շարունակում ենք ռուսների մտքերը․ Արսեն Դավթյան․ «Հայկական գինի խմելիս քեզ աստվածուհի ես զգում»։

Ռուզան Պարոնյանի հյուրը գնահատեց Նորավանքի վեհությունն ասելով․ «Սա այն տեղն է, որտեղ կարելի է լռությունը լսել»։

Ֆիլիպինցի տուրիստը Նորավանքում խոստովանել է Նվարդ Մելքոնյանին․ «Oh my God! I thought I was the most beautiful creation of God.” (Աստված իմ, մինչ այս պահն ինձ թվում էր, թե ես եմ Աստծո ամենագեղեցիկ
ստեղծագործությունը)։

Հյուրերն իրենց ձեռքերով խորոված են պատրաստում: Նկարը` Գոհար Ավագյան

Մեր կորեախոս զբոսավար՝ Հասմիկը Քաբաբյան, հավելեց․ «Ինձ շատ են ասել, որ ուզում են հայերի նման երջանիկ ապրեն ու կարողանան կյանքը վայելել»։

Նան Սարուխանյանի նշած տողերը շատ հուզիչ են, կարծում եմ կհամաձայնեք։ Մեր հյուրերն այս անգամ Սանտկ Պետերբուրգից են։ Ահա նրանց կարծիքը հայերի մասին։ «Դուք ուղղակի հրաշալի եք, ցանկալի, ինքնավստահ ու փայլուն, բոլորի հանդեպ սիրով ու հոգատարությամբ լի։ Շնորհակալ եմ ընկերներ։ Եկել էինք որպես զբոսաշրջիկ, հեռանում ենք ընկերներ դարձած։»

Իմ բլոգում մեր ակտիվ զբոսավարներից Վարսենիկը Մելքումյան հիշում է իր զբոսաշրջիկներին․

Ռուս․ «Այստեղ շատ լույս կա»։
Իրանցի․ «Հայաստանում օտարության զգացում չունես, քեզ զգում ես տանը, որովհետև մարդիկ անկեղծ են»։
Հրեա․ «Հայաստան այցս նման է ճամփեզրին հանդիպած մի համեստ խորտկարան մտնելուն, որը քեզ ցնցում է իր համեղ կերակուրներով։ Դու հասկանում ես, որ միշտ առիթ ես փնտրելու այստեղ վերադառնալու համար։»

Արուս Մելիքսեթյանի գերմանացի հյուրերի խոսոտվանությունը Ադրբեջան-Վրաստան տուր անելուց հետո․ «Մեզ ադրբեջանում արդեն ասել են, որ հայերը Հնդկաստանից 18-րդ դարում են եկել այստեղ, իսկ այս վանքերն իրենց հետ են բերել»։

Մեր ռուսախոս գործընկեր Արմինե Միրիջանյանի հուշերից։ «Մի անգամ զգացի, որ ամեն պատմածս շատ լավ ու ավելի լավ տպավորություն է թողնում, ասեցի․ «Բայց դե դժվարություններ էլ կան»։ Չթողեցին շարունակեմ` ասելով․ «Բա դրախտում եք ապրում, ուզում եք գոնե մի քիչ խնդիրներ էլ չունենա՞ք»:

Արև Մախսուդանյան, շնորհակալ եմ այս տողերի համար․ «Ֆրանսա-իտալահայ ամուսինների ու երեխայի հետ Գառնիում էինք, բաց երդիկից ձյուն էր գալիս։ Նայեցին վերև ու ասացին․ «Listen to the Universe, you may find the answers, love is here and everywhere, don’t be scared”. (Լսեք տիեզերքին, հնարավոր է պատասխաններ գտնեք, սերն այստեղ է և ամենուր, մի վախեցեք):

Երևանյան ընթրիք Արարատի հետ: Նկարը` Սիրանուշ Փիլոյան


Շնորհակալ եմ գործընկերներիցս նյոթերը տրամադրելու համար։


Հուսով եմ նման նյութերն էլ ավելի կմեծացնեն սերը դեպի Հայաստանը, այն գանձը, որը մեր մեծ սիրո ու հոգատարության կարիքն ունի։ Տեսեք էլի սկսեցի հուզվել)) Այսքանը:

Սիրով` Սիրա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով