Երկրները մարդիկ են ?
Ճամփորդելու շատ պատճառներ կան, բայց հիմնականներից մեկը այլ մշակույթի մեջ սուզվելն է։
Շատ, ահավոր շատ եմ սիրում տեղացիների հետ շփվել ճանապարհներին։ Տեղացիների հետ շփումը օգնում է աճել, զարգանալ ու նկատում ես, թե ինչպես ես փոխվում ժամ առ ժամ։ Դառնում ես առավել բաց, հանդուրժող և համբերատար։ Նրանք շատ բան են մեզ սովորեցնում, անգամ դրա մասին չիմանալով։ Մշակույթը մարդիկ են, ժպիտներն ու աչքերը։
Խոսենք մարդկանցից`
Այս անգամ մասնավորապես եգիպտացիներից։
Եգիպտացիները շատ հյուրասեր, բարի և մարդամոտ ժողովուրդ են: Միշտ փորձում են օգնել, բարևել, իրենց անգլերենը “փորձարկել”:
Երբեմն քեզ հոլիվուդյան աստղ ես զգում այնտեղ, եթե բախտդ բերի ու հասկանան, որ դու տեղացի չես: Մենք հայերս իրենց նմանություն ունենք և միշտ վստահ են, որ մենք “իրենցից” ենք:
Ինձ հետ արդեն չեմ էլ հիշում քանի անգամ է պատահել նման դեպք, երբ ինձ համոզում էին, որ ես եգիպտացի եմ:
Հիշում եմ, երբ առաջին անգամ էի Եգիպտոսում և երբ պարզվեց տեղացի չեմ, փորձեցին հասկանալ այդ դեպքում որտեղից է այս եգիպտացին 😀
Պատասխանեցի.”Արմենիա”:
Ի զարման ինձ բոլորը շատ լավ էին ճանաչում (համենայնդեպս սկզբից այդպես էր թվում): Միաձայն ասում էին.
“Ալմանիա, Ալմանիա”
Ուրախությունս կարճ տևեց, երբ պարզվեց, որ Ալմանիա արաբերեն նշանակում է Գերմանիա ու ես իզուր քիթս վերև ման էի գալիս` մտածելով. “Ով ասեց որ մեզ չեն ճանաչում”
Շատ շփվեք տեղացիների հետ, բայց Եգիպտոսում մի փոքր զուսպ 🙂