Ինչո՞ւ ընտրել Հայաստանը որպես ճամփորդական ուղղություն։
Թույլ տվեք մի բան ասել. մենք շատ առաջարկներ ունենք զբոսաշրջիկներին, բայց այսօր խոսելու եմ ՈՒՏԵԼԻՔԻ մասին։
Ճամփորդելու կարևոր նպատակներից մեկը նոր ճաշատեսակներ փորձելն է։ Լինելով ամենակեր արարածներից մեկն այս երկրագնդի վրա, մենք շատ ենք սիրում փորձարկումների ենթարկել մեր ստամոքսը ճանապարհներին։
Տուրիզմում լինելով բավականին երկար տարիներ, հարյուրավոր հաճոյախոսություններ եմ լսել մեր խոհանոցի մասին։ Մի հյուր ունեի ԱՄՆ-ից, որն արդեն 100-ից ավել երկրներում էր եղել, ճաշի սեղանի շուրջ մի օր ասաց. “Ես ոչ մի երկրում դեռ ուտելիքի այսքան տեսականի չէի տեսել»:
Այո պարոն, մեր ուտելիքը շատ համեղ է։
Մեր ճամփորդների FOODback-երը
Կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի ընթերցել այլ ճամփորդների կարծիքը Հայաստանի խոհանոցի մասին, ովքեր մի օր վայելել են մեր ուտեստները։
Խոսել եմ կոլեգաներիս հետ` հավաքել այն բոլոր տպավորությունները, որոնք արտահայտել են զբոսաշրջիկները։ Անգլերենում այն կոչվում է feedback, բայց այստեղ ես դրանք կկոչեմ FOODback. Համարյա ոչինչ չեմ փոխել իրենց պատմածների շարադասության մեջ:
Հայաստանում չկա հստակ սահմանազատում ավելի շատ մենք մսակեր ենք, թե բուսակեր. մեր երկիրը դրախտ է և մսակերների, և բուսակերների համար հավասարապես։
Եվ այսպես, սկսեցինք։
«Հայաստանում ուտելիքը գաստրոօրգազմիկ է»։
“C’est orgasmiquement bon”.
Այսպես են արտահայտվել ռուս և ֆրանսիացի զբոսաշրջիկները։
Կարծում եմ գիտեք, որ մենք Հայաստանում թաբուլեն մի փոքր այլ կերպ ենք պատրաստում։ Ամերիկացի հյուրն այն համտեսելուց հետո ասել է.
«Թաբուլեն այստեղ իմ կերածներից լավագույնն է։ Այն ավելի համեղ է, քան Լիբանանում։ Երանի կարողանայի այն արտահանել ԱՄՆ»:
Հայկական դոլմայի հետևանքը. «Մենք այլևս տեղ չունենք մեր ստամոքսում, բայց որքան ուտում ենք, այնքան ավելի շատ ենք ուզում ուտել»։ (ճապոնացի տուրիստներ)
Հայաստանի լոլիկների մասին. «Ձեր լոլիկներն այնքան համեղ են, որ մտածում ենք երկրորդ ճամպրուկ գնել, որպեսզի տանենք մեզ հետ»։
Նմանատիպ մի բան պատահել է նաև իմ ֆրանսախոս ընկերներից մեկի հետ։ Հյուրերն այնքան են հավանել մեր լոլիկները, որ գնելուց հետո գործընկերս ստիպված է եղել իրենց տալ իր կոշիկի տուփը, որպեսզի կարողանան տանել իրենց հետ Փարիզ։
«Հայաստանը երես է տվել մեզ։ Հիմա ոչ մի տեղ էլ չենք կարող ծիրան և խորոված ուտել։» (ամերիկացի ճամփորդներ)
«Չեմ պատկերացնում, թե քանի տարի պետք է անցնի, որպեսզի մոռանամ հայկական ծիրանի համն ու կրկին կարողանամ ասել, որ իսպանական ծիրանը համեղ է»։ (իսպանացի զբոսաշրջիկ)
«Ես չգիտեի, որ բադրիջանը կարող է այսքան համեղ լինել»։ (հոլանդացի ճամփորդ)
Այս մեկը շատ ծիծաղելի է։ Իսպանախոս կոլեգաներիցս պատմեցին։ Տուրի ժամանակ կանգնել են, որ դեղձ ուտեն Արենի գյուղում։ Համտեսից հետո մի կին ասել է. «Այսքան երջանիկ ինձ մեկ էլ զգացել էի ամուսնուցս բաժանվելուց հետո»։
Եվս մի իսպանացի ճամփորդ սիրահարվել էր հայկական դեսերտին՝ ասելով. «Ես միշտ մի ազատ անկյուն ունեմ իմ ստամոքսում հայկական փախլավայի համար»։
Իսկ պատահե՞լ է, որ ձեր ճամփորդությունը պլանավորեք կախված տվյալ երկերում գիլասի սեզոնի հետ։ Հայաստանում պատահել է։
Մեր գործընկերը պատմում է. «Մեր Պետերբուրգցի հրեաներին գիլաս հյուրասիրեցինք: Հաջորդ վեց օրերին օրական 5 կգ գիլաս էին առնում ու մարդ ու կին ուտում։ Դրա հաջորդ տարին էլ զանգեցին, ճշտեցին` գիլասի սեզոնը երբ է բացվում ու փակվում, ու այդ ամբողջ սեզոնին էստեղ էին»:
Մենք Կանադայից հյուրեր ունեինք, որ ընդամենը մեկ օր էին մեզ մոտ մնալու, բայց ուտելիքները էնքան հավանեցին, որ 4 օր մնացին, իսկ ամենաանսպասելին այն էր, որ վերջին օրը իմացան, որ զոքանչն է մահացել ու մեր կանադացի հյուրը խաշլաման ուտելուց հետո էսպես ասեց. «Էնքան համով էր, որ զոքանչիս մահն էլ մոռացա»:
- Մի անգամ ռուս լրագրողներ էի Արցախ տարել: Մեծ Թաղեր գյուղում ենք, պատահական ծանոթ գյուղացի տեսա: Տեղեկացավ, որ տուրիստների հետ եմ ու հրավիրեց իրենց տուն կոփի չայ խմելու։ Երկու ժամ հետո հասնում ենք իրենց տուն, մտնում հյուրասենյակ, 10 հոգուս աչքերը կլորանում են ու հուզվում ենք ։ Մի էնպիսի սեղան էր գցած` տնական, գյուղական համեղ ուտելիք։ Գժվում են, երբ իմանում են, որ սեղանին ամեն ինչ իրենց արտադրածն է, բացի աղից և շաքարից։ Վերջում իրար գրկելով հաջող են անում։ Այդ ճամփորդությունից մնաց մեկ զույգի կազմավորում (հիմա ամուսիններ են) և մեկ տարի հետո ապրիլյան քառօրյա պատերազմի մասին փշաքաղվելու աստիճան մեկնաբանումը իրենց լրատվականներում :
- Գործընկերս Գվատեմալայից, խաշլաման այնքան էր հավանել, որ թաղում պետք է գնայի, ասեց. «Կլինի ես էլ գամ»: Պատմել էի որ խաշլամա են դնում սեղանին :
- Այս մեկը կոմպլիմենտ չէ, պարզապես բնորոշում, որ շատ հակիրճ էր ու դիպուկ: «Հայկական խոհանոցը միջերկրականին է նման՝ թեթևակի արևելյան երանգով»: Իսպանիա:
- Փաստորեն թուզն այս համն ունի: Բա ծիրանը…Իսկ Հայաստանում “հավելյալ” ստամոքս չի՞ վաճառվում:
- Մի ռուս ասաց. « Մենակ լոլիկների համար արժի տեղափոխվել Հայաստան ապրելու»։
- Լեհերիս Արցախում ժենգյալով հացի տարա, ասում էին, որ կյանքները մի 15 տարով կերկարի, եթե շաբաթը մի անգամ ուտեն նման բան
- Մի հատ պատմություն էլ քյալլաի հետկապված։ Ուրեմն իտալահայ բարերարը եկել է Գյումրի, տարել եմ քյալլա հյուրասիրեմ։ Բերեցին մեծ քյալլեն՝ ավանդույթի համաձայն դրեցին սեղանին, որպեսզի զմայլվենք (շատերն էլ ՝վախենան) ու հետո տարան կտրեցին, բերեցին։ Սա ուտում է հիացած ու մեկ էլ հասավ դմակին՝ վրան կանաչ խոտ։Մեկ էլ սփյուռքահայ մարդը. “ Օհհհհհհ սա էլ իր կերած գանանչն է”: Ասեցի. “ Չէ, հետո են խցկել մեջը”:
Հուսամ հաճույքով ընթերցեցիք այս գեղեցիկ տողերն ուղղված մեր խոհանոցին: Այս ամենը շատ փոքր մասն է այն հիացմունքի, որը հյուրերն արտահայտում են մեր հրաշք խոհանոցի մասին:
Մարդիկ կախվածության մեջ են ընկնում մեր ուտելիքից ու կարծում եմ, որ այն մեր թոփ-թոփ տուրիստական բրենդերից մեկն է աշխարհում:
Բարի ախորժակ բոլորիդ, հայեր:
Սիրով`Սիրա
Հ.Գ. Հոգաչափ շնորհակալ եմ բոլորին պատմությունների և նկարների համար: