Տարիներ շարունակ գնում եմ Եգիպտոս, դարձել է երկրորդ հայրենիքս, բայց երբեք չէի եղել այնտեղի ոչ մի ծովափնյա հանգստավայրում։
Չեք պատկերացնի` քանի հոգի էր ինձ գրում ու խորհուրդ հարցնում, թե ուր գնալ, որ հյուրանոցում մնալ, որ մտածում էի արդեն գրասենյակ կարելի է բացել )
Մի խոսքով իմ այս տարվա ծովափնյա հանգիստս որոշեցի սկսել հենց Շարմից։
Շատ բան չգիտեի այստեղի մասին․ լավ ճիշտն ասեմ)) ոչ մի բան չգիտեի))
Թռիչքը
2 ժամ 50 րոպե․ Բոլորը հայ են հիմնականում։
Սուրճը վճարովի է, այնպես որ մինչև համաձայնելը, ճշտեք` որքան արժե, որ ամոթից չվճարեք։ Կարծեմ 3$ էր։ Ես կարծում եմ` միանշանակ չարժի։ Չենք մոռանում, որ թռիչքի ժամանակ մեր մարմինը ջրազրկվում է, ու մի հատ էլ գումար վճարել, որ այն ավելի ջրազրկվի սուրճի ազդեցությունից, խղճին մոտ չի։
Հյուրանոցի ընտրություն
Ես չգիտեի, որ գոյություն ունի այստեղ «պառոն» հասկացությունը։ Այսինքն կամրջակի վրայով պետք է քայլես, որ կարողանաս ոտաբոբիկ ջուրը մտնել․ առանց հատուկ կոշիկի օգնության։
Ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի այս փոքրիկ հաճույքը լիներ։ Պարզվեց շատ քիչ հյուրանոցներ կան էստեղ, որ ունեն «նորմալ» ափ։ Այս հանգստիս ընթացքում դա ինձ համար շատ կարևոր էր։ Դրանցից մեկն էլ հենց Barcelo Tira-ն հյուրանոցն էր։
Հյուրանոցն առաջին հայացքից չի տպավորում, բայց մի քանի օրվա ընթացքում սկսում ես սիրել այն։ Նախ շատ մեծ չէ ու պետք չէ 10-15 րոպե քայլել, որպեսզի հասնես ափ։ Ամեն ինչ շատ մոտ է։ Ուտելիքը համեղ է, անհրաժեշտի սահմանում մաքուր։ Ափը լավն է շատ, չնայած որ Պորտուգալիայի ափերից հետո մի քիչ չեմ կարողանում ճոխ նկարագրել :
Հյուրանոցը բավականին մաքուր էր, բոլոր սենյակները պատշգամբով։ Ուտելիքը համեղ էր, ու հիմնական ուտեստները փորձում էին հաճախ փոխել, որ չձանձրանանք։
Լավ SPA կենտրոն ուներ, ինչը պասիվ հանգստի համար կարծում եմ կարևոր է։
Ժամանցային թիմը ՎԵՐՋՆ ԷՐ։ Ամեն երեկոն տարբեր էր ու հետաքրքիր։ Չգիտեմ, եթե անկեղծ մյուս հյուրանոցներում ինչպես է, բայց իրենք գիտեին՝ ինչ էին անում էստեղ:
Հասանք տեղ
Մտնում եք օդանավակայան, ձախ կողմի վրա կտեսնեք ստենդեր ձեզ հյուրընկալող տուրիստական ընկերությունների անուններով։
Պետք է մոտենաք, վերցնեք թղթիկ, որը պետք է լրացնել։
Ինչպես հասկացա տեղում 5$ կարող եք վճարել և ձեր փոխարեն կլրացնեն։ Ես գիտեմ հիմա իրենք բոլորը կատեն ինձ, բայց դա ամենա անիմաստ ծախսն է, որ կարող եք անել Եգիպտոսում։ Պարզապես պետք է գրել ձեր անունը, ազգանունը, Քաղաքացիությունը, ծննդյան թիվ, ամիս, տարի,այցելության նպատակը։ Տալիս է տարբերակներ ու պարզապես պետք է «պԾիչկա անել»։ Ստորև տեղադրում եմ թերիկի օրինակը, որ բերել եմ հետս, որպեսզի ձեզ ցույց տամ․ լրացրեք պահեք ձեզ մոտ, որպեսզի այնտեղ խուճապի չմատնվեք և ավելորդ գումար չծախսեք լրացնելու համար։
Ձեր հյուրանոցի անունն, իմիջայլոց, աշխատեք ունենալ ինչ-որ մի տեղ գրված՝ այն կա գրված նաև ձեզ տրված վաուչերի մեջ։ Անպայման պահեք ձեզ մոտ այն կամ հեռախոսի մեջ, որովհետև վաուչերի համարը պետք է գալու ձեզ դիմավորող կողմի համար։
Անցնում եք բոլոր անհրաժեշտ գործընթացները ու հասնում եք ձեզ դիմավորող ավտոբուս։
Տարբեր հյուրանոցների մոտ կանգնում են ու դուք իջնում եք ձեր հոթելի մոտ համապատասխանաբար։
Բլից խորհուրդներ
- ՎԻԶԱ– Նախ ․ Շարմ էլ Շեյխը չի գտնվում Աֆրիկայում, այն գտնվում է Սինայի թերակղզու հարավային ծայրին։ ՀՀ քաղաքացիների համար վիզա անհրաժեշ չէ։ Սակայն, եթե հանգստի ընթացքում պատրաստվում եք լքել Շարմն ու գնալու եք Կահիրե, Լուքսոր կամ այլ քաղաքներ՝ վիզան պարտադիր է։
- ՍՏԱՄՈՔՍԻ ԽՆԴԻՐ- Ստամոքսի խնդիրը շատ ակտուալ է, երբ ճամփորդում եք, մանավանդ, երբ խոսքը Եգիպտոսի մասին է։ Միանշանակ ձեզ հետ ունեցեք դեղորայք՝ լուծի դեմ հատկապես։ Վերջին 4 տարում Եգիպտոսում տարվա մի մասն անցնացնելուց, աշխատելուց, մարդկանց բողոքները լսելուց հետո հասկացա, որ ամենաարագ ազդող դեղամիջոցը հենց իրենցն է՝ antinal! Ասում ենք էնտեղ կախարդական հաբերներ))) Լուծն արագ կանխում են։ Բայց ինչպես բոլոր դեղերը սա նույնպես ընդունելուց առաջ ճշտեք, որքանով այն չի վնասի ձեզ։ Մեր օրգանիզմներն այնքան տարբեր են։
Առողջական խնդիրներից խուսափելու համար ՇԱՏ ջուր խմեք։ Իմ հյուրերի խնդիրների մի մասը ջրազրկումից է լինում, ու չեն էլ գիտակցում։
- ՓՈՂԸ – Հյուրանոցների մի մասն ունի բանկոմատ, բայց դե իրենց մոտ դոլարն/եվրո ընդունում են, կրեդիտ քարտեր ևս։ Բայց Եգիպտական փաունդ ունենալը նախընտրելի է։
- ԹԵՅԱՎՃԱՐ- Եգիպտոսում թեյավճար հասկացությունը շատ-շատ ընդունված է, և շատ հաճախ են քեզնից ակնկալում։ Կահիրեյում մանավանդ։ Բայց մի փոքր նրբություն կա էստեղ․ Երբ նոր էի այնտեղ, չէի հասկանում ինչու են ամեն անգամ 1$-երի կապոց բերում ու առաջարկում փոխել ավելի մեծով․ պարզվեց իրենց տված թեյավճարներն էն դրանք, որ չեն կարողանում օգտագործել։ Բանկերն իրենցից չեն վերցնում 1$-ոց։ Այսպիսով, եթե իրոք ուզում եք թողնել թեյավճար ու ավելորդ անհարմարություն չպատճառել, ապա աշխատեք հենց Եգիպտական փաունդով թողնել։ Իսկ եթե մտածում եք, ես տալիս եմ, թող ինքը մտածի, դա այլ թեմա է ։
- SPA-ից օգտվել- Տարիների ընթացքում ձևավորել եմ օգտվելու իմ սովորույթները, հուսամ օգտակար կլինի ձեզ էլ։ Այս դեպքում էական չէ, թե որ երկրում․ Մինչ պրոցեդուրայի համար գումար վճարելը խնդրեք, որպեսզի ձեզ ցույց տան, թե ինչ սենյակում է լինելու պրոցեդուրան։ Ճշտեք, թե ով է մերսումը կամ այլ պրոցեդուրան իրականացնողը։ Եթե ունեք հնարավորություն, ապա մերսումն արեք առավոտյան․ քանի որ բոլորս մարդ ենք ու օրվա մեջ հոգնում ենք, նույնը և մերսողները։ Ստացեք նրանց առավոտյան թարմ ու լավ էներգիան։
Եթե ծովափնյա հանգստի մեջ եք, առավել ևս առավոտյան ստացեք մերսում, որովհետև յուղի վրայից արևային կրեմ քսելու դեպքում արևայրուքն ավելի հարթ կլինի և կարմրելու հավանականությունը կքչանա։ Եվ այլն․․․)
Եթե լինեք Barcelo Tira հյուրանոցում Սոֆիայի հետ մերսումը կանեք։ Շատ պռոֆեսիոնալ է։
Ու դե իհարկե ամենակարևորը տողը, որ պետք է չմոռանալ ՝ համարյա ամեն ինչ գնելուց, պետք է գին իջեցնել։ ՊԵՏՔ Է))
Սրա ու ընդհանրապես Եգիպտոսում գնումներ անելու մասին առանձին կգրեմ, բոլոր մանրամասներով։
Հուսամ օգտակար եղավ նյութը։ Կիսվեք մեկնաբանություններում ձեր փորձով։
Շատ հետաքրքիր կլինի կարդալ։
Բոլորիդ բարի ու արևոտ հանգիստ եմ ցանկանում
Սիրով՝ Սիրա