Քսանյոթ միտք մինչ քսանյոթ տարեկանս

Կյանքս հստակ բաժանվում է մինչ 27-ն ու 27-ից հետո։ Ու մենակ ինձ մոտ չէ էդպես։ Մի հետաքրքիր բան կա 27-ի մեջ։ Քեզ գալիսա միանգամից փոխելու։ Չես էլ հասցնում հասկանալ՝ ինչ եղավ, բայց եղավ․․․

Այս ամենը երկար ժամանակ է գրվել։ Համեցեք․

1. Ուժեղ հավատա այն ամենին, ինչ անում ես․ շատ են լինելու մարդիկ, ովքեր քեզ փորձելու են հիասթափեցնել, հատկապես այն պահին, երբ տեսնեն ամեն ինչ ստացվում է։

2. Եղիր այն մարդը, ով ուրիշներին կոգևորի իրենց նպատակներին հասնելու համար։ Մենք բոլորս նման մարդկանց կարիքն ունենք։

3. Երբ ուրիշի հաջողությունը տեսնես, սկզբից մի տեսակ ես լինելու․ չգիտեմ դա ինչ անվանեմ, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, որ պետքա ուրախանալ ուրիշի համար, թեկուզ սկզբից դժվարությամբ, բայց մի անգամ, եթե ստացվեց հետո կախվածության մեջ ես ընկնելու այդ թույնագույն էներգիայից։

4. Ամեն անգամ պարտվելու ես, երբ քեզ համեմատեցիր ուրիշի հետ։ Քո տեսակից էլ չկա, քո նպատակներից էլ չկա, քո հոգու գույներից էլ ոչ մեկ չունի։ Քո տարօրինակ տեսակը պետքա քո սանդղակը լինի, որ միշտ հոգիդ սիրուն ու բաց լինի մյուսների համար։

5. Մենք ոչ մեկս իդեալական չենք։ Ու սիրուն մարդ լինելու համար պուճուր-պուճուր քայլերով ենք գնալու։ Բոլորս էլ ատում ենք, սիրում, նախանձում, հիանում․․․բայց կարելի է այդ ամենը սիրուն բալանսավորել․ Ժամանակի հետ!

6. Շատ մարդիկ են քննադատում մյուսներին՝ այդ թվում՝ քեզ (խոսքս անիմաստ, ապերջանիկ մարդկանց քննադատության մասին է)։ Մի պահ նեղվելու ես։ Հետո սկսում ես տվյալ մարդուն վերլուծել ու հասկանալ, թե ինչի երջանիկ չի կամ անբավարար ու ի սրտե խաղաղություն ես ցանկանում, որովհետև առանց վերևի 2-րդ կետի մարդկանց էս աշխարհը էտքան բարության չէր դիմանա))

7. Ուրիշի նկատողություններից առաջ ինքդ պետքա լինես քեզ շատ լավ ճանաչողը, սխալները տեսնողը։ Առանց դրա չկա աճ։

8. Ինչ-որ բանով պետքա զբաղվես, որ մարդկանց երջանկացնի, օգնի, հաճելի լինի։ Ես հավատում եմ, որ բոլորս մեկս մյուսին «ծառայելու» համարել ենք էստեղ։

9. Երբ ահավոր մեծ հավատով սկսես ձգտել երազանքներիդ, մարդկանց խումբ է լինելու, որ քեզ չի սիրելու։ Ու ամենայն հավանականությամբ դու դրա մասին չես էլ իմանա)) իրենք թաքուն են անում այդ ամենը, բայց ռետինով ջնջիր իրենց մտքիցդ կամ ուղղակի հաճույք ստացիր 😀

10. Ուժեղ պահեք ու դոշակի տակ մի տեղ դրեք, ձեր կողքին այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են մնում, երբ ամեն ինչ նորմալ չէ ձեզ հետ։  Երբ աշխարհին գրողի ծոցն ուղարկելու ցանկություն կա, իսկ նման մարդիկ լուռ նստած սպասում են, թե երբ ենք հանգստանալու, որ շարունակեն ձեր ցնդած տեսակն ավելի շատ սիրել․իրենցից հատիկով են այս աշխարհում։

11. Ամենամեծ նվերը, որ երբևէ կստանաք դիմացինից, դա նրա նվիրած ժամանակն է; Հիմա ամեն մեկին ժամանակ չեն նվիրում։ Մեքենա նվիրում են, բայց ժամանակ չէ!!

12.Սովորեք արագ որոշումներ կայացնել։ Մի տեղ կարդում էի ժամանակին․ 5 վայրկյան տվեք ձեզ որոշում կայացնելու համար։ Դրանից հետո ամեն ինչ բարդանում է։

13.Երբ դադարում ես բողոքել կյանքումդ հրաշքներ են կատարվում։ Չպլանավորված հրաշքներ։ Ու հետո տեմպի տակ ես ընկնում:

14.Սովորեք ասել ՈՉ!! Այո ձեզ էլ հարմար չի լինում, դուք էլ ինչ-որ բաներ չեք ուզում անել, եթե նույնիսկ դա հեշտ է թվում։ Ամոթ չէ ՈՉ ասելը․ ավելին անհրաժեշտ է։

15. Լավ ու ճիշտ մարդկանց հեշտ բաց մի թողեք ձեր կյանքից։ Հետո մի օր սրճարանում նստած պատուհանից կնայեք ու ափսոսանքի զգացումից ձեր սիրտը կապտակի ձեզ։ Լավ ու ճիշտ մարդկանց մասին հոգ տարեք։ Իրենք նման են ծնունդին ստացած ամենասիրելիի նվերներին, որ երբեմն խառվում են մյուս նվերների հետ ու այդքան էլ ուշադրության չեն արժանանում։ Ու մինչ հասցնում ենք նկատել, արդեն մաշվում են։ Մի մաշեք լավ մարդկանց։

16. Հաջողությունը չի գալիս միամիտ ու պատահական։ Դուք պետք է պատրաստվեք դրան։ Երջանկությունն ու հաջողությունն այնքան թափով են գալիս, որ երբեմն ուժեղ վախենում ենք, երբ պատրաստ չենք լինում։ Ամեն օր պուճուր-պուճուր պատրաստվեք դրանց սիրուն ապրելով, նույնիսկ կյանքի մանրուքներում։

17. Մենք միշտ ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Ամեն բան ներդաշնակ ու ճիշտ է Տիեզերքում։ Եթե մի պահ ձեզ թվա, որ այդպես չէ, հիշեք, թեկուզ 10 տարի առաջ ում եք խաբել, դավաճանել, ճիշտ պահի չեք օգնել որևէ մեկին ու հետո կորցրել եք ձեր խաղաղությունը, ու կհասկանաք, որ Տիեզերքում ժամկետներ չկան․ ամեն ինչի համար վճարում ենք՝ թեկուզ տարիներ անց։ Հենց քո մեղքը գտար սթափ վերլուծելով, ահավոր հեշտ է դառնում ապրելը։

18. Ամեն օր գրպանի մեջ սեր լցրեք տանից դուրս գալուց, որ բաժանեք։ Սեր առաքեք մարդկանց, որովհետև դրանից է պակասում։

19.Ժամանակի հետ լիքը հարցերի պատասխաններ եք ստանալու։ Պատասխաններ, որոնց կարիքն այլևս միգուցե չլինի, բայց ստանալու եք։ Ժամանակին էլ ժամանակ տվեք։

20.Մարզեք ձեզ հաճույք ստանալ ամեն փոքր ու մեծ բաներից։ Նույնիսկ տխրելուց; Կյանքի ամեն պահը բռնեք վայելեք։ Տխրելուց էլ եք չէ՞ շնչում, պատկերացնում եք՝ ինչ հրաշալի է։

21.Եղեք բնական, պահվածքով, շփման մեջ։ Ձեզ պետք չի դուր գալ մարդկանց։ Դա ծանր աշխատանք է․ դրա փոխարեն լիքը ուրիշ բաներով կարելի է զբաղվել։

22. Համեստ եղեք, բայց չափի մեջ։ Երբեմն համեստության մասին ճառերն էնքան տպավորիչ են, որ մարդկանց հասցնում են թերարժեքության  կոմպլեքսի։ Երբ ձեզ լավ ճանաչեք ամեն թերությամբ ու առավելությամբ, կազատվեք ավելորդ համեստ թվալու ծանր աշխատանքից։

23.Նպատակները մի քիչ անհավանական պետքա լինեն, որ սկսեք թռնել։ Հակառակ դեպքում կունենաք միջին վիճակագրական կյանք երկիր մոլորակի վրա։ Ինչպես մարդկության մեծ տոկոսը։

24. Բարի եղեք․ իսկական բարության էյֆորիկ պան այն է, որ մենակ դու ու տվյալ մարդն իմացավ պահի բարության մասին։ Բարության մեջ թաքունություննելա պետք հաճախ։

25. Եթե այն,  ինչ անում եք իրոք ձերն է ու վստահ եք այդ ամենի մեջ, ուրեմն հիշեք, եթե աշխարհում թեկուզ մենակ դուք հավատաք ձեզ, մեկա անելու եք դա, որովհետև ձեր հոգին դրա պահանջն ունի։ Թմրանյութի նման մի բան է ճիշտ բանով զբաղվելը։

26. Հարազատ տարեց կանանց ծաղիկներ շատ նվիրեք անառիթ։ Ես դպրոցական տարիքից անում եմ, ու ստացողի աչքերի էներգիայից կարելիա Տիեզերք հասնել։ Տենց պահեր շատ «հորինեք» ձեզ համար։

27. Սիրեք ցնդածի նման էն ամենը ինչ ունեք։ Կլինի աշխատանք, տղամարդ, կին, երեխա․․․կյանքը։ Պահի տակ ու հաճախ կձանձրանաք, կուզեք ամեն բան գրողի ծոցն ուղարկել, այդ ամենն էլ էմոցիայով ու սիրով արեք։ Դարձեք սեր, քամեք ուրիշներից, տվեք ուրիշներին ու կյանքում չեք դատարկվի։ Արյան հետ թող ձեր մեջ սեր էլ հոսի․․․կարմիր, ցնդած սեր։

Սիրով՝ Սիրա 🙂

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով