Եթե դու քեզ համարում ես իսկական ճամփորդ, որեմն գրանցիր Հորդանանը պարտադիր այցելվող երկրների շարքում։
Գժվելու սիրուն, ահավոր համով ու աչքերը անդադար շոյող երկիր:
Ավազի կարմիր գույնը նույնիսկ ամիսներ հետո մնում է հիշողությանդ մեջ։
Իսկ Պետրան ներաշխարհդ թափ է տալիս ու աչքերիդ ստիպում է հավատալ հրաշքների։
Երբ գնալ?
Ինքս եղել եմ այնտեղ 5 անգամ ու ամեն անգամ յուրահատուկ գեղեցիկ է եղել Հորդանանը։
Ամռանը բավականին շոգ է, ու դրա շնորհիվ ավելի քիչ տուրիստներ կտեսնեք, ու միգուցե գներն ավելի մատչելի կլինեն։ Հունիս-հուլիս ամիսներին բավականին շոգ է, բայց երեկոները հաճելի քամի է լինում։
Որոշ տեղերում բավականին խոնավ է նույնիսկ (Jordan Valley and Gulf of Aqaba), իսկ այ անապատում՝ Wadi Rum-ում ավելի շոգ է ու չոր։
Ինձ համար ամենալավ ժամանակը հոկտեմբերի վերջ և մարտ ամիսներն են եղել։ Եղանակը շատ լավն էր, թե քաղաքում զբոսնելու, Պետրայում ժամերով քայլելու, և թե Մեռյալ ծովի ափին հանգստանալու համար։
Ձմռանը բավական սառն է եղանակը․ ձյան կամ առատ անձրևների հավանականությունը մեծ։ Երբեմն նույնիսկ այնքան շատ անձրև կարող է գալ, որ Պետրա մուտքն արգելվի։
Քանի որ ջրահեռացման համակարգը շատ վատն է հենց Պետրայի ներսում, այդ իսկ պատճառով դժբախտ պատահարներից խուսափելու համար այն կարող է փակվել։
Աշունն ու գարունը երևի ամենահաճելի ժամանակն է այցելելու Հորդանան։
Բայց միշտ ստուգեք անձրևների քանակը գնալուց առաջ։ Հասնել և չտեսնել Պետրան, դա մեղմ ասած ճիշտ չէ, չէ ՍԽԱԼ Է։
Ինչ ուտել?
Հոդվածս գրելու ընթացքում սկսեցի հիշել, թե ինչ կարելի է ուտել Հորդանանում և հասկացա, որ առաջինը պետք է խորհուրդ տամ ձեր խղճի հանգստության համար 2-3 կգ նիհարեք գնալուց առաջ)))
Ուտելիքն այստեղ առանձին նյութ է պահանջում, ինչ խոսք, բայց արագ թվարկենք ամենահայտնիներից մի քանիսը։
1. Za’atar –արաբերենից թարգմանաբար նշանակում է վայրի ուրց, որն ամենասիրելի բույսերից է արաբական աշխարհում։ Բայց Զաթար ասելով, հենց ուրցը նկատի չունեն այստեղ, այլ տարբեր բույսերի խառնուրդ, որով էլ պատրաստվում է այս ուտելիքը։
2. Mezze– ասում են ծագում է պարսկերեն համտեսել բառից։ Այս դեպքում ձեզ մատուցում են տարբեր տեսակի նախուտեստներ փոքր քանակությամբ։ Սա շատ հայտնի է ոչ միայն Հորդանանում։ Հրաշալի տարեբարակ է փորձել ամեն ինչից, երբ չես կարող շատ ուտել։
3. Fattoush– ֆատուշը մեր իմացած վարունգ, լոլիկով աղցանին շատ նման է ու գումարած տապակած պիտա հաց։ Սա ևս արաբական աշխարհում շատ հայտնի ճաշատեսակն է։
4. Maqluba– արաբերենում այս բառը նշանակում է թարս ու շիտակ։ Ամենասիրելի ճաշատեսակներից է Հորդանանում։ Համով, շաաատ համով!!
5. Mansaf– վերևի բոլոր նշված ուտեստները հիմնականում բոլոր արաբական երկրներում կարող եք գտնել, իսկ այ այս մեկը հենց տիպիկ հորդանանյան է։
Ինչ հագնել?
Կախված եղանակից անպայման տաք հագուստ ունեցեք ձեզ հետ, այլապես ինձ պես ստիպված կլինեք ընկնել խանութներով տաք վերարկու գտնելու համար))
Այստեղ քամին կարող է բավական տհաճ լինել։
Տաք եղանակի դեպքում իհարկե ամառային հագուստ, բայց չմոռանաք, որ ցանկալի է շատ բաց չհագնվել և հարգել իրենց մշակույթը։
Լավ կլինի շարֆ ունենաք ձեզ հետ․ այն պետք կգա կրոնական շինություններ մտնելիս։
Էժան&թանկ
Սա իմ ամենացավոտ հարցերից է Հորդանանում։ Առաջին անգամ Եգիպտոսից հետո, երբ եկա Հորդանան, դեռ եգիպտական գների ազդեցության տակ մտա խանութ առանց գները նայելու մի քանի բան վերցրի։ Առաջին անհրաժետության իրեր)) Երբ մոտեցա դրամարկղին պարզվեց, որ իմ ոչինչն արժե 19$․ սիրտս սկսեց արագ խփել))) հստակ չեմ հիշում որքան էր, բայց գիտեմ, որ այդ օրը ես գնեցի կյանքիս ամենաթանկ անձեռոցիկը, որն ափսոսում էի օգտագործել 😀
Իմ կարծիքով Հորդանանը ամենաթանկ երկրներից է աշխարհում։ Դա հաստատեցին նաև այդ պահին հետս ճամփորող տուրիստները, ովքեր 50-ից ավել երկրներում էին եղել։
Ամենատպովորիչ պահերից Հորդանանում
Մի քանի պահեր հստակ հիշում եմ, երբ աչքերս ու էմոցիաներս պայքարում էին իրար հետ, որ բարձր չասեմ․ «մամա ջաաաաաաան, էս ինչ սիրունա»։
Կյանքում, երբեք, ոչ մի դեպքում չեմ մոռանա այն պահը, երբ մեր գիդը մեզ բերեց մի կետ, որտեղից միլիարդավոր նկարներ են արվել, ու Պետրայի treasury-ի մի փոքր հատված երևում է արդեն։ Աչքերս գեղեցկությունից սկսեց քոր գալ ու զգացի, որ մի երկրով էլ մեծացա։ Տեղեր կան երկրագնդի վրա, որ քեզ ստիպում են հավատալ հրաշքների։
Պետրայի մասին առանձին կխոսենք։
Հաջորդ անմոռանալի փորձառությունս եղավ գիշերել անապատում վրանների մեջ ու ամենակարևորն առանց որևէ կապի արտաքին աշխարհի հետ․ բառացի առանց ՈՐԵՎԷ։ Իրենք համավում են լյուքս դասի վրաններ ամեն տեսակ հարմարություններով և այդ ամեն ավելի է ճոխանում, երբ երկնքում հայտնվում են աստղերը։ Տարածքում համարյա չկան լույսեր ու միակ հույսդ աստղերն են։ Խենթանալու սիրուն։
Ու այսպես շատ ու շատ պահեր))
Սա գրեցի Հորդանանի մասին շատ ընդհանուր պատկերացում կազմելու համար։ ՆԿարծում եմ նախապես պլանավորելով շատ բաներ հնարավոր է ոչ այնքան թանկ գներով ճամփորդել այս հրաշք երկիրը։ Ու անդադար ուզելու եք վերադառնալ։ Ոնց արդեն նշեցի․ էստեղի ավազի գույնը կախվածության մեջ է գցում ճամփորդներին։
Սիրով՝ Սիրա