Զբոսավարի աշխատանքն ամենահետաքրքիր ու զվարճալի պահերով հարուստ աշխատանքներից մեկն է: Կարծում եմ մեր այս շարքը շատ ստացված է, քանի որ արդեն երրորդ մասն է պատրաստ: Նախորդ երկու նյութերին ծանոթացեք այստեղ և ահա այստեղ :
Դե ինչ գնացինք մեր ավտոբուս:
Մի հատ բարի ու զվարճալի տուրիստ ունեի Ինդոնեզիայից, որ մի անգամ Դիլիջանի անտառներում քայլելուց հետո խոստովանեց, որ 80-անց է: Շատ զարմացա. ախր համ մաշկն էր շատ հարթ, համ էլ մազերը սև-սև, հաստատ չներկած:
Այս պապիկը ինձ ասում էր. “Որ 70 տարեկան էի, PHPT” ունեի”:
-Դա ի՞նչ է,- հարցնում եմ:
-Pain here, pain there,- պատասխանում է:
– Իսկ հիմա PE ունեմ:
-Բա դա ի՞նչ է,- ծիծաղելով հարցնում եմ ես:
-Pain everywhere.
Դրանից հետո ինչքան հումորով տարեց տուրիստներ եմ ունենում, բոլորին պատմում եմ ու բոլորին շատ դուր են գալիս ու հարազատ են լինում այդ “դիագնոզները”:
Պատմությունը տրամադրած զբոսավար
Խմբումս մի պապ ունեի, ինձ բասից դուրս չէր ճանաչում, ու որ անընդհատ օգնում էի, իրեն թվում էր, թե ամենուրեք կանայք ու աղջիկները իր նկատմամբ շատ ուշադիր են ու հոգատար:
Պատմությունը տրամադրած զբոսավար
Երկխոսություն ամերիկահայ երիտասարդի հետ.
– Աննա, “ցիգան”, դա որտե՞ղ է:
Քանի որ կոնտեքստից դուրս էր, խնդրեցի ամբողջ պատմությունը պատմի:
Ամերիկահայ երիտասարդ.
– Երեկ գիշերը ուշ դուրս էի եկել Երևանով զբոսնելու: Ինձ մոտեցավ մի աղքատ մարդ ու խնդրեց իր համար կաթ գնեկ:
Ես շատ զարմացաա, քանի որ երիտասարդը հայերեն չէր խոսում:
– Մի րոպե, աղքատ մարդն անգլերե՞ն էր խոսում:
Ամերիկահայ երիտասարդ.
– Նա ընդամենը 3 բառ ասաց ինձ. “Milk, Supermarket, Please”: Ես գնեցի իր համար իր ուզած կաթը, նա ինձ հարցրեց, թե ես որտեղից եմ, պատասխանեցի, որ Ամերիկայից: Երբ ես իրեն հարցրեցի, թե նա որտեղից է, ինքը միայն ասում էր “ցիգան”, “ցիգան”: Հիմա դա եմ ուզում իմանալ, Աննա, “ցիգան”-ը որտե՞ղ է Հայաստանում:
Պատմությունը տրամադրած զբոսավար
Ես էլ բրազիլացիներիս հետ Ջերմուկ ենք գնում: Իրենց գունավոր պատմում եմ` ինչ լավ բաներ են մեզ էնտեղ սպասվում ու ինձնից գոհ ասում. “Ձեզ երկու օրով sanatorio եմ տանում (իսպաներեն) : Մեկ էլ զգացի բոլորը մի տեսակ լրջացան. պարզվեց իրենց երկրում սանատորիոն դա գժանոցն է:
Մի ծաղիկի պատմություն: Մայիսյան գեղեցիկ օր էր: Ծաղկած Հայաստանի բույրը ամենուր էր: Մի շատ հաճելի 12 հոգանոց խումբ էր Ռուսաստանից: Հյուրերից մեկը սովորություն էր դարձրել ամեն օր մի ծաղիկ պոկել ու նվիրել : Վերջին օրը նա հուսակտուր փնտրում էր օրվա ծաղիկը: Ամբողջ խումբն էլ արդեն որոշակի անհանգստություն էր ապրում : Հասանք Ողջաբերդ, կամարի մոտ կանգնեցինք և արդեն պատրաստվում էինք գլխավոր մուտքից բարձրանալ աստիճաններով մեր շքեղագույն Արարատը վայելելու (իսկ նա այդ օրը շլացուցիչ էր), հանկարծ ուժեղ ճռռոցով մի ջիփ կանգնեց: Բավականին գեր տղամարդ, պատուհանից պարզելով յասամանի բուրումնավետ փունջը, կանչեց. – дЭвушка, дЭвушка это вам!
Քանի որ մեր խմբում ռուս աղջիկների թիվը բավականին շատ էր, ես մի կողմ քաշվեցի, որպեսզի дЭвушкаներից մեկը մոտենա և վերցնի այդ գեղեցկագույն փունջը: Սակայն պարզվեզ, որ այդ ռուս дЭвушкаներից ամենաдЭвушкаն ձեր խոնարհ ծառան էր: Մոտեցա, վերցրեցի ու հնչեց հարցը.
– Ви аткуда из Расии?
– Երևանից եմ, – ծիծաղեցի ես:
Ջիփը սրընթաց հեռացավ: Ամբողջ խումբը գալարվում էր ծիծաղից:
Սիթի տուրի ժամանակ Հյուսիսայինից դեպի Օպերա, հետո Կասկադ։ Դե գիտեք, թե ինչքան շատ անցում կա և լուսացույց։ Անցանք, հասանք Կասկադ, տուրիստս հարցնում է,- Նելլի քանի՞ լուսացույց անցանք։
Դե ես բնականաբար երբևէ չեմ հաշվել, մի պահ լուռ նայեցի, որ կողմնորոշվեմ։
Տուրիստս նորից,- Նելլի, գիտես իմ քույրն էլ է գիդ և ասում է, որ տուրիստները ինչ ապուշ հարց ասես որ չեն տալիս:
Շնորհակալ եմ պատմությունները տրամադրած կոլեգաներս ու բոլոր նրանց, ովքեր ընթերցեցին:
Ձեզ համար հավաքագրեց Սիրան, որպեսզի շատ չկարոտեք տուրիստական սեզոնը, իսկ մյուսներին փոխանցվի մեր առօրյա Հայաստանը:
Սիրով`Սիրա